ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշավորությամբ է մեկնաբանել Վաշինգթոնում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի թիկնապահների ու ցուցարարների միջեւ տեղի ունեցած միջադեպը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք տեսել ենք երեկ Բրուքինքսի ինստիտուտի դիմաց թուրք թիկնապահների ու ցուցարարների միջեւ բախումների մասին հաղորդագրությունները: Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք հարգում ենք խաղաղ ցույցի ու արտահայտման ազատությունը: Բռնությունը ցուցարարների նկատմամբ կտրականապես անթույլատրելի է»,- հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:

Բայց նա չի մեկնաբանել այն իրավիճակը, որը ստեղծվել էր արդեն ինստիտուտի ներսում, երբ Էրդողանի ելույթի կազմակերպիչները լրագրողներին արգելել են նրան հարցեր տալ:

«Եթե դուք ինձ հարցնեք, թե ինչ է կատարվել մասնավոր ինստիտուտի շենքի ներսում մամուլի մասնակցությամբ միջոցառմանը, ես ձեզ կխնդրեմ այդ հարցը Բրուքինգսի ինստիտուտին ուղղել»,- ասել է Թրյուդոն:

Թուրքիայի նախագահի թիկնապահների, լրագրողների ու ցուցարարների միջեւ քաշքշոցը սկսվել էր միջոցառումից մոտավորապես մեկ ժամ առաջ: Մի քանի լրագրող փորձել էր մտնել ինստիտուտ, բայց նրանց հայհոյել ու հրել են նախագահին թիկնապահները: Վաշինգթոնի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել, քաշքշոցը կանխելու համար:

Թուրքիայի նախագահի թիկնապահները հրելով շենքից հեռացրել են լրագրողներին, իսկ նրանից մեկը բղավել ու հարվածել է Հայաստանում ԱՄՆ նախկին հյուպատոս Ջոզեֆ Փեննինգթոնի կնոջը՝ թուրք լրագրող Ամբերին Զամանին:

Միջադեպից հետո ինստիտուտի տնօրեն Սթրոուբ Թելբոթը հայտնել է, որ պատրաստ է չեղարկել Էրդողանի ելույթը՝ չնայած նախագահն իր թիկնապահների հետ արդեն եկել էին միջոցառմանը: