Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ ադրբեջանական գործողություններով քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումների խիստ դատապարտման վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ ադրբեջանական կողմը ապրիլի 1-ից 2-ի գիշերը ձեռնարկել է հարձակողական գործողություններ:
Այդ սանձազերծ գործողություններով հրթիռահրետակոծման են ենթարկվում նաեւ խաղաղ բնակավայրերը, որոնց հետեւանքով, ցավոք, սպանվել են մեկ եւ վիրավորվել 2 երեխաներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների վրա հարձակումները:
Դրանք կյանքի իրավունքի դեմ ոտնձգող միջազգային մակարդակի հանցագործություններ են, որ ենթակա են դատապարտման եւ պատժման միջազգային իրավունքի ողջ խոստությամբ՝ առանց որեւէ բացառության: Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնասյունն է բնակավայրերի եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման բացառիկ արգելքը: Քաղաքացիական բոլոր անձինք եւ, հատկապես, երեխաներն ու կանայք գտնվում են առանձնակի պաշտպանության տակ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող անթույլատրելի գործողությունների հետեւողական ուսումնասիրություն՝ իր կարգավիճակի բոլոր հնարավորություններով դրանք միջազգային մարմինների ուշադրությանը ներկայացնելու եւ պարտադիր քննարկման հարց դարձնելու նպատակով»:





























