Կառավարության որոշումը դեռեւս չկա, բայց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որոշել է`Երեւանի Թումանյան 25 հասցեի շենքը ենթակա է բացառիկ գերակա շահ ճանաչվելու: Այս մասին այսօր ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Թումանյան 25-ի բնակիչների փաստաբան Արթուր Գրիգորյանը:

«Ինչ-որ մի մարդ որոշել է ամեն ինչ գերակա շահի վերածել, պատմության մեջ մտնել: Սրանից բազմաթիվ մարդիկ են տուժել, շատերը դարձել են բոմժ, եւ սա մի մարդու գործելաոճ է, նրա անունը Նարեկ Սարգսյան է: Կառավարության կողմից Թումանյան 25-ը գերակա շահ ճանաչելու մասին որոշում չկա, իսկ Նարեկ Սարգսյանը արդեն որոշել է` շենքը համահունչ չէ տարածքի ճարտարապետական տեսքին: Մուտիլովկաներ են, շատ ծանոթ ենք այդ մուտիլովկաներին, գերակա շահի խնդիր չէ, այլ մեկի կամ մի քանի հոգու բիզնես շահ կա այստեղ»,-նշեց փաստաբանը:

Արթուր Գրիգորյանը նշեց, որ Կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Քաղաքաշինության նախարարությունը բնակչների մեջքի հետեւում են գործել, որի արդյունքում յոթ ընտանիքի ծանուցում է եկել, թե քաղաքապետարանը լիազորել է «Ռենշին» ՍՊԸ-ին Թումանյան 25 հասցեում հյուրանոց կառուցել:

«Վարչապետը քաղաքապետարանին լիազորել է «Ռենշինի» հետ բնակիչների սեփականության ձեռքբերման, փոխհատուցման պայմանագիր կնքել, ինչը մենք  վիճարկում ենք դատարանում: Ստացվում է, մարդը համ սեփականություն ունի, համ չունի: Մի օր էլ ծանուցում է գալիս, թե դու քո սեփականության տերը չես, սեփականությունդ քեզնից պետք է վերցնենք»,-ասաց փաստաբանը:

Արթուր Գրիգորյանը, թեպետեւ մեծ հույս չունի, որ ՀՀ Վարչական դատարանը կարող է ի վնաս պետական մարմինների վճիռ կայացնել, սակայն վստահեցնում է, որ պայքարելու են մինչեւ վերջ, քաղաքապետարանի եւ «Ռենշինի» համագործակցության պայմանագրի իրավաչափությունը վիճարկելու են բոլոր հնարավոր ատյաններում, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Եվրոպական դատարանը գերակա շահ ճանաչելու գործերով բազմաթիվ վճիռներ է կայացրել Հայաստանի դեմ, սրանք էլի չեն խրատվում: «Նարեկ Սարգսյանը որոշել է» այ էս գրության հետ կապված հարցադրումներ ունենք իրեն անելու ընդհուպ մինչեւ կոռուպցիայի խնդիրներ ենք  բարձրացնել, որվհետեւ սրան այլ բացատրություն չկա»,-ասաց փաստաբանը:

Բնակիչ Դավիթ Եղիազարյանը, սակայն, նշեց, որ բնակիչները  փաստաբանի նման հոռետեսորեն չեն տրամադրված, օրենքի սահմաններում պայքարելու են սեփականության իրենց իրավունքի ոտնահարման դեմ:

Դավիթ Եղիազարյանը բնակիչների անունից վստահեցրեց, որ իրենք առաջարկվող գումարի, կամ որեւէ այլ փոխահտուցման կարիք չունեն: «Մենք փոխհատուցման կարիք չունենք, մենք չենք ուզում զրկվել մեր տներից, եւ որ շենքի քանդվի»,-ասաց նա:

Հանրային խորհրդի խոսնակ Անի Գասպարյանի խոսքով` Թումանյան 25-ը ենթակա չէ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու: «Այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Մենք  պատրաստ ենք հարթակ տրամադրել կողմերին, որպեսզի հարցը համաձայնության պայմաններում լուծվի»,-ասաց Անի Գասպարյանը: