1986 թ. ծնված Գրիգոր Մ.-ն մարտի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը փախցրել են Արտաշատ քաղաքի Մխչյան փողոցի թիվ 3 տան դիմաց կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ ավտոմեքենան հայտնաբերվել է Այնթափ գյուղից Նուբարաշեն տանող 450 մ հատվածում` թալանված եւ առջեւի մասը բախման հետեւանքով վնասված վիճակում:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի եւ Մասիսի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Ահմեդ Ֆ.-ն եւ 1989 թ. ծնված Էդվարդ Խ.-ն:

Ահմեդ Ֆ.-ն եւ Էդվարդ Խ.-ն ձերբակալված են:

Ոստիկանները պարզել են, որ հանցավոր երկյակի գործունեությունը այսքանով չի սահմանափակվել. նույն օրը, ժամը 13.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Դարակերտ գյուղի մի բնակչուհի եւ հայտնել, որ գյուղում «Նիվա» մակնիշի, առանց գազի բալոնի եւ համարանիշի ավտոմեքենա է կայանված:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Դարակերտ գյուղում հայտնաբերել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա` թալանված վիճակում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է մի ընկերության եւ շահագործվում է 1989 թ. ծնված Գեղամ Բ.-ի կողմից:

Մեկնած օպերատիվ խմբին Գեղամ Բ.-ն հաղորդում է տվել, որ գիշերը փախցրել է իր տան դիմաց կայանված նշված ավտոմեքենան եւ գողացել պահեստամասերը` ընկերությանը պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի եւ Մասիսի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են մեզ արդեն ծանոթ Ահմեդ Ֆ.-ն եւ Էդվարդ Խ.-ն:

Նույն օրը, ժամը 19.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում 1981 թ. ծնված Գագիկ Գ.-ն հաղորդում էր տվել, որ փախցրել են տան դիմաց կայանված «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը նույնպես կատարել են Ահմեդ Ֆ.-ն եւ Էդվարդ Խ.-ն:

Քննությունը շարունակվում է: