Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սկսված ռազմական գործողությունները։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Բորիս Ռեզնիկը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հարձակողական գործողություններին ու 12-ամյա տղայի մահվանը, պատգամավորը նշել է. «Ես դա ընկալում եմ որպես սեփական ցավ։ Քաղաքական գործիչնեըր պետք է միջամտեն, ողջամտության կոչ անեն ու բանակցությունների սեղանի շուրջ նստեն, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Ցավակցում եմ զոհված տղայի հարազատներին ու ազգականներին»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային համայնքը Բաքվի նմանատիպ գործողությունները կանխելու համար՝ Բորիս Ռեզնիկը ասել է, որ հայտարարություններով պետք է հանդես գան ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իր խոսքը պետք է ասի նաեւ Եվրամիությունը։։ «Կարծում եմ, որ Ռուսաստանն էլ անմասն չի մնա, քանի որ այդ տարածաշրջանում որոշակի պարտավորությունենր ունենք»,- հավելել է Պետդումայի պատգամավորը, պատպանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը՝ անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել հարավ-արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառվել են նաեւ հրետանի, զրահատեխնիա ու օդուժ։ Զոհվել է 12-ամյա երեխա, երկուսն էլ վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 զրահամեքենա ու 2 անօդաչու սարք։





























