Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը նախահարձակ ռազմական գործողություններ է իրականացրել՝ տանկերի, հրետանու եւ օդուժի ինտենսիվ կիրառմամբ: Հակառակորդը փաստացի տապալել է խաղաղ բանակցային գործընթացը, միաժամանակ սպառնալով ԼՂՀ եւ ՀՀ ազգաբնակչության անվտանգությանը: Այդ մասին ասվում է ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարության մեջ:

«Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը գործնականում վտանգում է տարածաշրջանի կայունությունը: Հավատարիմ մնալով խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին, գնահատելով այս ուղղությամբ միջազգային հանրության միջնորդական առաքելությունները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

 Դեպքերի հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով աննախադեպ իրավիճակի վրա, հորդորելով կոնկրետ քայլերով վերականգնել հրադադարի ռեժիմը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է, որ իր կառույցի ողջ կարողականությամբ ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունների կողքին է՝ ապահովելու հայկական երկու պետությունների ազգաբնակչության եւ պետականության անվտանգությունը:

Կոչ ենք անում հայկական բոլոր կառույցներին, կազմակերպություններին եւ հանրությանը. մենք պարտավոր ենք ներքին համախմբվածությամբ եւ համարժեք պատասխան գործողություններով Ադրբեջանին խաղաղություն պարտադրել»,- ասվում է հայտարարության մեջ: