Բաքվի գործողությունները արժանի են միջազգային համայնքի կողմից բազմակողմանի դատապարտման։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ, Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը։

Նրա խոսքով, եղել է ոչ թե նույնիսկ սադրանք, այլ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու մեջ մտնող տարածքի մի մասը գրավելու փորձ «։Դա կարող էր սադրել տարածաշրջանային պատերազմ եւ ծայրաստիճան ապակայունացնող բնույթ ունի ամբողջ տարածաշրջանի համար։ Կցանկանայինք նկատել, որ այս անգամ խոսքը ոչ թե սահմանի երկայնքով հենակետերի գրավման մասին է, այլ անվտանգության գոտու տարածքում ավելի քան 20 կիլոմետր ներխուժելու, ընդ որում օգտագործվել են համազարկային կրակի սպառազինման գրեթե բոլոր նմուշները»,- նշել է Վլադիմիր Եվսեեւը։ Նման գործողությունները, շարունակել է նա, կարող էին հանգեցնել հակամարտության սրմանը, որում անխուսափելիորեն կներգրավվեին Թուրքիան ու Ռուսաստանի Դաշնությունը։ « Ես կարծում եմ, որ այս բոլոր գործողությունները պետք է դատապարտվեն՝ դրանց պետք է հաջորդեն միջազգային բնույթի որոշ քայլեր, որոնք պետք է նախատեսեն՝ առաջնագծից ծանր սպառազինման հեռացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների ձեւաչափի փոփոխություն, որպեսզի այն մշտական բնույթ ունենա, հսկողության տեխնիկական միջոցների տրամադրում ու միջազգային միջադեպերի հետաքննության մեխանիզմի պարտադիր ձեւակերպում, մշակում ու ընդունում»,- շետել է Վլադիմիր Եվսեեւը։ Եթե դա չարվի, հավելել է ռազմական փորձագետը, ադրբեջանական կողմից նման փորձերի կրկնությունն անխուսափելի է ու կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի գոտում զինված հակամարտության։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել հարավ-արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառվել են նաեւ հրետանի, զրահատեխնիա ու օդուժ։ Զոհվել է 12-ամյա երեխա, երկուսն էլ վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 զրահամեքենա ու 2 անօդաչու սարք։