ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը քննարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ՏԱՍՍ_ին այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը հանգել են միանշանակ ընկալման համապատասխան քայլեր ձեռնարկելու ու հակամարտության գոտում մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին»,- ասել է նա։

Զայնետդինովը նշել է, որ այսօր ավելի վաղ Բորդյուժան բանակցել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Նախարարը Կազմակերպության գլխավոր քարտուղարին տեղեկացրել է հակամարտության գոտում իրավիճակի մասին։

ՀԱՊԿ մամուլի քարտուղարի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «ռազմական լուծում չունի ու պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով, որոնք իրականացվում են միջազգային մեխանիզմների շրջանակում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գալիք շաբաթ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելու են ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները։ Ռուսաստանը խորհրդակցություններում ներկայացնելու է համանախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովը, Ֆրանսիան՝ Պյեր Անդրիյոն, ԱՄՆ –ն՝ Ջեյմս Ուորլիքը։