ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել մարտի 31-ին Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված եւ գիտակցության չգալով մահացած 20-ամյա Արթուր Գալստյանի մահվան դեպքի առթիվ։
Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9մմ տրամաչափի մեկ փամփուշտ եւ մեկ գնդակ:
01.04.2016թ. խուզարկություն է կատարվել միջադեպի ժամանակ Արթուր Գալստյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում, որը հաշվառված է եղել այլ անձի անվամբ։ Խուզարկությամբ՝ ավտոմեքենայի աջ նստատեղի տակից` սեւ գույնի կաշվե պայուսակի մեջից, հայտնաբերվել եւ առգրավվել է երկու ատրճանակ։ Ատրճանակներից մեկի փամփշտատուփի մեջ եղել է 9մմ տրամափափի 4 փամփուշտ, իսկ փամփշտանոցի մեջ՝ մեկ 9 մմ տրամաչափի փամփուշտ, իսկ 2-րդ ատրճանակի փամփշտատուփի մեջ հայտնաբերվել է 2 փամփուշտ։ Ավտոմեքենայի ձախ՝ վարորդի նստատեղի դիմացի ոտքերի տակ, հայտնաբերվել է 9մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ, ավտոմեքենայի ձախ կողմի դռան հատվածում՝ մեկ կրակոցի հետք:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր, դատակենսաբանական եւ դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ:
Պարզվել է դեպքի պահին Արթուր Գալստյանի վարած ավտոմեքենայի ուղեւորների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Առգրավվել են նաեւ տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:





























