Ղարաբաղյան հակամարտության կողմերը պիտի ձեռնպահ մնան ռազմական գործողություններից եւ վերադառնան բանակցությունների սեղանի մոտ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ-ի գործող գլխավոր քարտուղար, իտալացի դիվանագետ Լամբերտո Զանյերը:
Նա անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված: «Կողմերը պիտի ձեռնպահ մնան ռազմական գործողություններից եւ վերադառնան բանակցությունների սեղանի մոտ», - ընդգծել է Լամբերտո Զանյերը:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։
Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:





























