2014 թ. հունիսի 7-ին Երեւանի Շենգավիթ համայնքում իրենց տանը 65-ամյա մորն սպանելու մեջ մեղադրվող 45-ամյա Սամվել Դարբինյանը պնդում է՝ հանցագործությունը ինքը չի կատարել։

«Ես չեմ կատարել այդ արարքը, ես իմ մեղքը չեմ ընդունում։ 7։30-ին եկել եմ տուն, տեսել եմ դեպքը կատարված։ Հինգ րոպե չի անցել զանգահարել եմ եղբորս, հարեւաններին եմ կանչել։ Մենք իրար հետ նորմալ հարաբերությունների մեջ ենք եղել, մեր մեջ վեճ չի եղել, ինչ ուզել, երբ ուզել արել եմ։ Ինչի՞ համար պիտի կատարեի ես էդ հանցագործությունը,  այն էլ սեփական ծնողի հանդեպ»,-ապրիլի 2-ին Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց ամբաստանյալը։

Սամվել Դարբինյանը դատարանին վստահեցրեց, որ իրեն անհիմն, սուտ ցուցմունքների վրա հիմնված մեղադրանք է առաջադրվել, իսկ ինքը ունի դա հիմնավորող բոլոր ապացույցները։

«Ինձ մեղադրանք են առաջադրել նրա համար, ինչ ա՝ էդ օրը մի-երկու բաժակ խմած եմ եղել, մտածել են չեմ հիշի, բան չեմ անի, գլխիս կսարքեն»,-ասաց նա։ 

Որպես իր անմեղությունը ապացուցող հանգամանք, մորը սպանելու մեջ մեղադրվողը մատնանշեց նրա դիակը լոգարանում թաքցնելու «անմտությունը»։

«Եթե ես կատարած լինեի արարքը, ինչի՞ պետք ա դիակը տանեի եւ լոգարանում պահեի, ի՞նչ ա, մեր տան լոգարանը անտեսանելի մա՞ ս էր, ի՞նչ էր, որ մտնեին, չէին տեսնելու՞»,-ասաց ամբաստանյալը։

Սամվել Դարբինյանն իր անմեղությունը ապացուցող եւս մեկ «փաստարկ» բերեց, թե, ըստ մեղադրանքի, սպանության կատարման ժամին՝ 18։00-ին, տանը չի եղել, ինչը, նրա խոսքով, մեղադրողի կողմից անտեսվել է։

«Ես ժամը վեցին տանը չեմ եղել։ Ամառ, շոգ օր էր, շենքում 230 հոգի մարդ ա ապրում, թող մի հոգի ներկայացնեն, որ ժամը վեցին ինձ տեսել են տուն մտնելուց»,-ասաց ամբաստանյալը։

Իր վերջին խոսքում՝ Սամվել Դարբինյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ մորը ինքը չի սպանել, իսկ պատժի սահմանման հարցը թողեց դատարանի հայեցողությանը։

«Ես չեմ կատարել ու չէի կարող կատարել հանցագործությունը, մնացածը՝ ոնց դատարանը կորոշի, թող որոշի»,-ասաց նա։

Մեղադրողը պնդեց,որ դատաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները բավարար են Սամվել Դարբինյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար։

Մեղադրողը նշեց, որ ամբաստանյալն, իր անմեղությունը ապացուցելու համար հարեւաններին պատմել է, թե տունը գողեր են մտել, մորն սպանել, այնինչ հաստատվել է, որ որեւէ կողմնակի անձ նրանց տուն չի մտել․ փականը, դուռը պատուհանները վնասված չեն եղել։

Սամվել Դարբինյանը, ըստ մեղադրողի, մոր  դին տարել է լոգասենյակ, որպեսզի ժամանակ ունենա մտածելու, թե հարազատներին եւ հարեւաններին ինչ պետք է ասի։ Ամբաստանյալի այն պնդումը, թե մորը լոգասենյակ է տարել, որպեսզի ցնցուղի տակ նրան ուշքի բերի, չի համապատասխանում իրականությանը, ըստ մեղադրողի, քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ կնոջ շնչուղիներում ջուր չի հայտնաբերվել։

Մեղադրողը պնդեց, որ ամբաստանյալը բոլոր փաստերը խեղաթյուրում է։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ վերջնական դատական ակտ կայացնելու, ավելի ուշ վերադառնալով՝ հրապարակեց որոշումը, որով պետք է դատաքննությունը վերսկսվի։

Նշենք, որ Սամվել Դարբինյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: Սամվել Դարբինյանը ճանաչվել է մեղսունակ: Մեղադրողը նրա համար 12 տարվա ազատազրկում է պահանջել։