Կան բոլոր ապացույցները, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, թե հայկական կողմն է նախահարձակ եղել:
«Ապացույներ ներկայացնելու ենք, բայց սպասելու ենք նաեւ համապատասխան արձագանքի, որը պետք է լինի ոչ թե մեղմ, այլ բավականին կոշտ»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ միջազգային կառույցները զգուշավորությունից ելնելով են մեղմ հայտարարություններ անում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Երեւի չեն ուզում ավելի վատացնել իրավիճակը, փորձում են մեղմել, բայց կարծում եմ հիմա այդ պահը չէ, պարզապես ամոթ է: Երբ Ալիեւը համարձակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչներ անվանել, սա արդեն ահազանգ է»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։
Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:
Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր:





























