Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոյին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նախարարները քննարկել են Ադրբեջանի հարձակումը:

Նշենք, որ Ֆրանսիայի իշխանությունները կողմերին կոչ են անում անշեղորեն հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը ու պնդում է իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային կատարված միջադեպերով։ Մենք ցավում ենք, որ այս միջադեպերն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների՝ մասնավորապես խաղաղ բնակիչների շրջանում եւ կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։

Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:

Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր: