Հայաստանի խորհրդարանը պաշտպանում է ՀՀ նախագահի առաջարկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու մասին: Այս մասին NEWS.am –ին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի նախագահը ԱԳՆ-ին հանձնարարել է կապ հաստատել ԼՂՀ ԱԳՆ-ի հետ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունվի ռազմական փոխօգնության պայմանագրի մասին հարցը: «Եվ ես՝ որպես ԱԺ փոխխոսնակ, կարող եմ ասել, որ օրենքի շրջանակներում խորհրդարանը պատրաստ է կատարել հանձնարարությունը: Կարծում եմ, որ բոլոր խորհրդարանի քաղաքական ուժերը կհամաձայնեն նման պայմանագիր կնքել, քանի որ Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է համարվում: Եվ մենք առաջին հերթին պետք է կարողանանք ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է Շարմազանովը:

Այդ տեսակետից, նրա խոսքով, Հայաստանի բացառապես բոլոր քաղաքական ուժերը կանգնած են պետության կողքին, Զինված ուժերի կողքին՝ հանուն Արցախի հայերի արդար իրավունքների պաշտպանության: «Խորհրդարանն աջակցում է նախագահի առաջարկին, եւ օրենքով սահմանված ժամկետում, երբ համաձայնագիրը լինի Ազգային ժողովում, մենք այն կվավերացնենք: Այո, անհրաժեշտ է, որ մենք կարողանանք ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական անվտանգությունը նաեւ իրավական տեսակետից»,- եզրափակել է  Շ արմազանովը: