Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ապրիլի 2-ի երեկոյան հանդիպել է հրապարակում հավաքված կամավորների մի մասին, նրանց ներկայացրել է սահմանի իրավիճակը, հավաստիացրել է, որ պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է ռազմական դրությանը եւ ծանր կորուստներ է պատճառել ադրբեջանական բանակին:

«Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին: Անհրաժեշտության դեպքում բոլորս մեկնելու ենք հայրենիքի սահմանները պաշտպանելու: Այս փուլում հորդորում եմ զերծ մնալ խուճապային տրամադրություններից՝ բարձր պահելով ողջ հասարակության մարտական ոգին»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։

Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:

Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր: