Արցախի «Արեւիկ» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի եւ Գեւորգ Գրիգորյանի վիճակը կայուն  ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:

«Երեխաների վիճակը  կայուն ծանր է, սակայն կա արտահայտված դրական դինամիկա,  երեխաներից մեկին վիրակապել ենք արդեն,  որոշ ժամանակ հետո երկրորդին  էլ կվիրակապենք»-ասաց  ՄեսրոպՄարգարյանը:

 Հիշեցնենք, որ Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արեւիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով եւ Գեւորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել հարավ-արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառվել են նաեւ հրետանի, զրահատեխնիա ու օդուժ։ Զոհվել է 12-ամյա երեխա, երկուսն էլ վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 3 զրահամեքենա ու 2 անօդաչու սարք: