Կովկասից պատասխան եկավ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի խաղաղության կոչին: Այս մասին նշված է իտալական Il Manifesto պարբերականի հոդվածում: Հրապարակման մեջ ասված է.

«Ռուսաստանի նախագահ Պուտինը երեկ կոչ արեց անհապաղ հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը: Կրեմլը հանգստության եւ պատասխանատվության կոչ արեց՝ խաղաղ բնակիչների շրջանում հետագա զոհերից խուսափելու համար:

Բախումների ողբերգական արդյունքն են՝ տասնյակ սպանվածներ, վիրավորներ եւ առնվազն մեկ խոցված ուղղաթիռ: Նրանց թվում են երկու խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 12 տարեկան հայ երեխա, որի՝ Ղարաբաղում գտնվող դպրոցը հրթիռակոծել են «Գրադ»-ից:

Երեկվա սրացումն ամենածանրն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում: Նախկինում երբեք 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմում փխրուն հավասարակշռությունն այսքան մոտ չէր եղել ավարտին: Վերջին տարվա իրադարձությունները ստիպում են անհանգստանալ, որ իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը բախումների նախօրեին առանձնաբար հանդիպեց Ալիեւի եւ Սարգսյանի հետ՝ խաղաղության կոչ անելով: Մի քանի ժամ անց Կովկասից նրա կոչին պատասխան եկավ: Իսկ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ սահմանային բախումները կողմերի վերահսկողությունից դուրս եկած փոխհրաձգություններ են»:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրած երկօրյա լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով երկու կողմից էլ զոհեր կան: Վերջին տվյալներով, ադրբեջանական կողմն ավելի քան 200 զոհ ունի, ինչպես նաեւ տեխնիկայի կորուստ՝ 2 ուղղաթիռ, 5 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, 1 զրահամեքենա: Ղարաբաղյան կողմից 18 զոհ եւ շուրջ 40 վիրավոր կա: Զոհերի թվում նաեւ խաղաղ բնակիչներ կան: Գնդակոծության հետեւանքով 12-ամյա երեխա է զոհվել, եւս 2 երեխա վիրավոր է: