Արցախում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունների ընթացքում վիրավորված՝ սահմանամերձ Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանի վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին հատնեց նրա եղբայրը:

Գյուղապետը, եղբոր խոսքով, վիրահատությունից հետո իրեն լավ է զգում, զրուցել է իրենց հետ:

Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների եւ Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարեւոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:

Մարտագծի հարավային թեւում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:

Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր: