Ոչ մի զարմանալու բան չկա, որ Ադրբեջանի զինուժը Արցախի Թալիշ գյուղում նման վայրագություններ է իրականացրել, որովհետեւ առաջին անգամ չէ, որ նրանք նման կերպ են իրենց պահում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։

«Նման դեպքեր մենք տեսել ենք նաեւ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, 1991-94 թվականներին։ Երբ ադրբեջանցիները որեւէ վայրում առաջխաղացում էին ունենում, միշտ էլ ցույց էին տալիս իրենց վայրագությունները։ Մենք գիտենք, թե նրանք ինչպես են վարվել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ այլ բնակավայրերում, որտեղ քաղաքացիական հայ բնակչություն կար եւ նրանք հնարավորություն են ունեցել անզեն բնակչության դեմ դուրս գալու։ Այս ամենն իմանալով, մենք պետք է հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել, պետք է ապրել հենց այդ հոգեբանությամբ»,-ընդգծեց Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով, հայկական կողմը պետք է կարողանա այս վայրագությունները ներկայացնել միջազգային հանրությանը, ցույց տալ, թե ովքեր են ադրբեջանցիները, ինչպես են նրանք վերաբերվում քաղաքացիական անձանց։ «Ու եթե միջազգային հանրության որոշակի շրջանակների մտքով անցնում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, նրանք պետք է գիտակցեն, թե ինչ ապագա կարող է ունենալ հայ բնակչությունն Ադրբեջանի կազմում։

Մենք իհարկե, չենք կարող նույնպիսի վայրագություններով պատասխանել Ադրբեջանին, բայց միաժամանակ պետք է այնպիսի արժանի հակահարված տանք, որ մտքներով չանցնի, երբեւէ մտածել, թե Արցախը կարող է լինել իրենց կազմում»,-ընդգծեց պատգմավորը։

Թեւան Պողոսյանը նշեց նաեւ, որ մի կողմից ցավում է տեղի ունեցածի համար, մյուս կողմից հպարտ է, որ հայկական զինուժը կարողացել է ազատագրել հայրենի տարածները։ «Պետք է դաստիարակչական ու պատժիչ այնպիսի գործողությունների դիմել, որ Ադրբեջանը մեկընդմիշտ մոռանա Արցախի մասին»,- իր խոսքն ամփոփեց Թեւան պողոսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական վայրագություններն իրենց ողջ «հմայքով» ի ցույց են դրվել Մարտակերտի Թալիշ գյուղում, որը հայկական ուժերն արդեն ազատարգրել են:

Ադրբեջանի զորամիավորումներն ապրիլի 2-ին մտնել էին Թալիշ գյուղ, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ, հաղորդում է Hetq.am-ը:

Ադրբեջանցիները գնդակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։

Նշենք, որ Թալիշ գյուղը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային սահմանամերձ բնակավայր է:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։

Վերջին տվյալներով Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 15 տանկ, 3 անօդաչու սարք, ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 6 միավոր այլ զրահատեխնիկա: ԼՂ ՊԲ տվյալներով, Ադրբեջանը 200-ից ավելի մարդկային կորուստ ունի:

Ղարաբաղյան կողմը կորցրել է մեկ տանկ: Ղարաբաղյան կողմից զոհվել է 18, վիրավորվել շուրջ 40 մարդ: Զոհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: «Գրադ» կայանքից արձակված կրակոցից մահացել է 12-ամյա երեխա, եւս երկուսը վիրավոր են: