ICIJ-ի լրագրողները հայտնաբերել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օֆշորներում ընկերություններ ունի՝ ոսկու արդյունահանման ու լոնդոնյան անշարժ գույքի ոլորտներում իր մասնաբաժինը քողարկելու համար:
Ադրբեջանի նախագահի ազգականներն օգտագործել են Պանամայի տարածքում գրանցված հիմնադրամներն ու ընկերությունները, ոսկի արդյունահանող ընկերություններում ու անշարժ գույքի շուկայում նրա մասնաբաժինը քողարկելու համար: Այս մասին ասվում է լրագրողական հետաքննությունների միջազգային կոսնսորցիումի (ICIJ) մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԲԿ»-ն:
Կոնսորցիումի տրամադրության տակ են հայտնվել պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որին կասկածում են ակտիվների տերերին թաքցնելու համար կեղծ ֆիրմաներ ու կորպորատիվ կառույցներ ստեղծելու մեջ: Մամուլի հաղորդագրությունում ճշտված չէ Ալիեւների ընտանիքի սեփականության կառուցվածքը, բայց Ադրբեջանի նախագահն արդեն երեք տարի առաջ էր հայտնվել ICIJ–ի ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ լրագրողները բացահայտնել էին, որ նա ու նրա ընտանիքը գաղտնի օֆշորներ ունեն:
Ըստ փաստաթղթերի, որոնք հայտնվել են ICIJ–ի տրամադրության տակ, Ալիեւն ու նրա կինը ՝ Մեհրիբանը 2003-ին ընկերություն են ձեռք են բերել Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Ալիեւը, որը նշված էր որպես այդ ֆիրմայի տնօրեն ու համասեփականատեր, այդ պահին խորհրդարանի պատգամավոր էր, իսկ այդ նույն տարվա հոկտեմբերին նախագահ էր դարձել: ICIJ-ի տվյալներով, ընկերությունը օրինական իրավաբանական կարգավիճակ է ունեցել մինչեւ 2004-ի մայիսը: Փաստորեն Ալիեւը խախտում էր օրենսդրությունը, որն արգելում է խորհրդարանի անդամներին ու նախագահին բիզնեսով զբաղվել, պարզաբանել են իրավաբանները:
2008-ին, ICIJ-ի տվյալներով, Ալիեւի դուստրերը ՝ 19-ամյա Արզուն ու 23-ամյա Լեյլան, ձեռք են բերել Arbor Investments, LaBelleza Holdings Limited եւ Harvard Management Limited ընկերությունները այդ նույն Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Առաջինն իբրեւ գրանցված է եղել Արզուի անունով, իսկ մնացածը ՝ Լեյլայի: Գործարքը կնքվել է նախագահի պաշտոնում Ալիեւի վերընտրվելուց երկու ամիս անց:
ICIJ –ը այն ժամանակ չէր կարողացել պարզել այդ բոլոր ընկերությունների գործունեության տեսակը, բայց նշել էր, որ Ադրբեջանի ղեկավարությունն, ըստ երեւույթին, բավականին ջանքեր էր ձեռնարկել այդ ընկերությունները հասարակությունից թաքցնելու համար:
ICIJ-ը հայտնել էր, որ այդ բոլոր երեք ֆիրմաների ղեկավարը ադրբեջանցի ձեռներեց Հասան Գոզալն է: Կազմակերպության տվյալներով Գոզալը իր եղբոր՝ Աբդոլբարիի հետ միասին առնվազն տասը ընկերություն ուներ Intersun հոլդինգում, որտեղ Աբդոլբարին նախագահ էր, իսկ Հասանը ՝ փոխնախագահ: Ըստ փաստաթղթերի, որոնք հայտնվել են ICIJ–ի տրամադրության տալ, Intersun-ը ստացել էր մի քանի խոշոր պայմանագրեր Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից, որտեղ Ալիեւը մինչեւ պետության ղեկավար դառնալը առաջին փոխնախագահ էր: Բացի դրանից Գոզալի եղբայրներին պատկանող ընկերությունները շահել են ընդհանուր առմամբ 4.5 մլրդ դոլար արժողության պետական պայմանագրեր՝ Բաքվում ու նրա սահմաններից դուրս շինարարության համար:




























