Քաղաքացի Սամվել Հ.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողի կողմից առերեւույթ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Սամվել Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի մարտի 4-ի որոշմամբ բավարարվել է իր եւ որդու վերաքննիչ բողոքը` քաղաքացի Ռուզաննա Ս.-ից 9 հազար ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջի մասին:
2015 թվականի օգոստոսի 5-ին տրված կատարողական թերթի համաձայն՝ վճիռը 2015 թվականի հունիսի 10-ին ստացել է օրինական ուժ եւ նույն թվականի օգոստոսի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աբովյանի բաժանմունքում կասեցված վարույթը վերսկսվել է, սակայն հիշյալ բաժանմունքի հարկադիր կատարողը դիտավորությամբ չի կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը եւ արգելանքի տակ դրված գույքից բռնագանձում չի կատարել:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:



























