Ադրբեջանական լրատվամիջոցները ապրիլի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հիմնականում լռում էին, քանի որ ադրբեջանական կողմը ճակատում ձախողումներ ուներ, իսկ հայկական կողմը շահեկան դիրքերում էր, այդ պատճառով էլ լրատվականները հրապարակելու նյութ չունեին: Այս մասին այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ  Սամվել Մարտիրոսյանը:

«Հայկական կողմը շահեկան դիրքերում էր առաջին պահից, քանի որ հայկական կողմը տեղեկատվություն էր տարածում, իսկ իրենք լռում էին: Ադրբեջականական  լրատվամիջոցներն ամբողջությամբ վերահսկվում են եւ  երկրորդ կարծիք ներկայացնող չկա: Ռեալ ճակատում ձախողումները բերեցին նրան, որ իրենց լրատվականները հրապարակելու նյութ չունեին: Ադրբեջանի ՊՆ-ն էլ միայն զբաղված էր հայկական տեղեկատությունը հերքելով: Այնուհետեւ, ասացին, որ հայկական հողեր են վերցվել, իսկ երբ ճակատում իրենց  կորուստներն աճեցին, հայտարարեցին միակողմանի հրադադարի մասին, որպեսզի ժամանակ շահեն: Ադրբեջանական լրատվամիջոցները 24 ժամ առաջ հայտարարում էին  նույնիսկ վերցված գյուղերի մասին, հիմա արդեն հայկական կողմի հաջողություններից հետո պրոբլեմատիկ կլինի իրականությունը ներկայացնել»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, հայկական կողմը մեկ խնդիր ունի. միջազգային հանրությունն Արցախի ՊՆ-ի տեղեկատվությունը որպես պաշտոնական տեղեկատվություն չի ընդունում եւ սպասում է Հայաստանի ՊՆ-ի կամ ԱԳՆ-ի տեղեկատվությանը, այդ պատճառով էլ  հիմնականում պաշտոնական տեղեկատվությունը վերցնում են Ադրբեջանի ՊՆ-ից, միջազգային լրատվամիջոցներում առաջինն հայտանվում է  ադրբեջանական կողմի պաշտոնական տեղեկատվությունը: 

 «Մենք էլ խնդիր ունենք, քանի որ ստիպված ենք լինում երկու դեմքով ներկայանալ` Հայաստան, Արցախ: Նրանք շատ դեպքում Արցախի ՊՆ-ի տեղեկատվությունը որպես պաշտոնական չեն ընդունում, եւ միջազգային մամուլում հիմանակնում Ադրբեջանի պաշտոնական ՊՆ հայտարարություններն են առաջինը հայտնվում: Գիտենք, որ աշխարհում ավելի ընկալելի է Հայստանի ԱԳՆ-ի, ՊՆ-ի խոսքը, քան Արցախի»,-ասաց նա: