Անկախ իշխանությունների հետ եղած հակասություններից՝ սպառնացող ագրեսիայի դեպքում բոլորս պետք է միավորվենք ադրբեջանական ագրեսիան հետ մղելու գործում: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, խորհրդարանում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Մենք առաջարկում ենք, որ ավելի հարմար պահին հրավիրվի փակ նիստ, որում գործադիր մարմնի ներկայացուցիչները կհաղորդեն տվյալներ: Կարծում եմ՝ նիստի ընթացքում մենք առավել խորը կվերլուծենք իրավիճակն ու կփորձենք գտնել այս վիճակից դուրս գալու ելքեր»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք նույնպես կողմնակից են Զուրաբյանի առաջարկին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես համամիտ են այդ առաջարկին եւ մոտակա օրերին փակ քննարկում կհրավիրվի, որտեղ կմասնակցեն Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության պատասխանատուների հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։