Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով սպանության կատարելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. մարտի 28-ին. «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգողը գրավոր հաղորդում էր ներկայացրել առ այն, որ նշված ՀԿ-ի փորձագետ Կարեն Արշակի Վարդանյանը 2016թ. մարտի 17-ին իր՝ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8-րդ շենքի 32-րդ բնակարանից դուրս է եկել՝ 1 շաբաթով արտասահման գործուղման մեկնելու նպատակով, սակայն մինչ օրս չի վերադարձել:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ իրականացված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարեն Վարդանյանն սպանվել է Սեւանում, որից հետո նրա դիակը տեղափոխվել է Երեւան։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Վարդանյանն իր՝ Երեւան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով կամ այդ գնի սահմաններում՝ նոր բնակարան։ Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ.Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ.Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարում է Գ.Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մարտի 17-ին երեքով, Ա.Միհրանյանի վարած «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով, Գ.Զոհրաբյանը եւ Կ.Վարդանյանը ուղեւորվել են դեպի Սեւան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի հանրապետություն ուղեկցելու պատրվակով:
Հասնելով Սեւանի Ախթամար թերակղզու մոտ՝ քարի բազմաթիվ հարվածներ են հասցրել Կ.Վարդանյանի գլխին։ Տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երեւան, որտեղ դիակը տեղափոխել են Գ.Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ եւ թաղել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Միհրանյանին եւ Գ.Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Քննիչը ապրիլի 3-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Քրեական գործի քննությունը շարունակվում է:



























