ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկը՝ Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից եւ բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանում ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը պարծենում է իր իբրեւ թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում: «Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեեւ միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ եւ հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձեւավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արեւելքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից»,-ընդգծել է ՀՀ նախագահը: