Թուրքիայում լույս է տեսել Ուղուր Բիրյոլի` Համշենի վերաբերյալ գիրքը՝ «Քաչքարի լեռներում ամպ լինեմ» վերնագրով:
Ինչպես հայտնում է Akunq.net-ը, գրքում հեղինակն ընթերցողներին է ներկայացնում երկրի վրա եղող այս դրախտի՝ Քաչքարների ճանապարհային քարտեզը` զուգադրելով այն ճանապարհորդների կատարած լուսանկարներով եւ պատմություններով, ովքեր տարիներ շարունակ փորձել են հասկանալ այդ դրախտի առեղծվածը:
Ինչպես գրքում նշում է հեղինակը, «Քաչքարի լեռները մի հսկայական գանձարան են: Արեւելասեւծովյան շրջանի համար գերբնական, աչք շլացնող գյուղերը, յայլաները, ավանները, լճերն ու գետերը կողք-կողքի պարում են` հնագույն ժամանակների թանկարժեք քարերի պես: Մաքրեւիս, Քավաք, Միքրոն, Վիջե, Հաբաք, Օրթան, Չինչիվա… Համշենի լեռների անուներով կոչված հեքիաթային վայրեր… Այս տարածքներում չտեսնված առանձնատներ կան, որոնք հարյուրավոր տարիների` մարդկային քրտնքի եւ վաստակի արդյունքը լինելով` կառուցվել են ժայռի ծերպերին` տեսնելով բազում դառը պանդխտության պատմություններ:
Անտառների վերածված տախտակները կանգուն են մնում նախկին արհեստավարժ վարպետների տաշած վաղեմի քարերով: Եթե քաջություն ցուցաբերելով` ականջներդ մոտեցնեք պատերին, ապա կլսեք անցյալում մնացած տարիների աղմուկը կարոտած, գալ չկարողացող եւ միայնակ մնացած պանդուխտներին ուղղված դառը տրտունջները: Նրանք փսփսում են, որ Քաչքարում լքվել են տներն ու առանձնատները»:
Հեղինակը նաեւ ընթերցողին է ներկայացնում այս թեմայի շուրջ վաղուց սպասված արժեքավոր տեղեկություններ: Բացի այդ, սույն գիրքը ճանապարհորդների համար նախատեսված կարեւոր ուղեցույց է:
Ուղուր Բիրյոլը, որպես Սեւ ծովի ափին ծնված եւ մեծացած մի համշենցի, ներկայացնում է անտառների միջով անցնող զառիվեր ճամփաները՝ բոլորին հայտնի ավտոբուսի ասֆալտապատ ճանապարհների փոխարեն: Գիրքը համեմված է Հայոց լեզվի համշենյան բարբառով գրված պատմություններով եւ զվարճապատումներով:
«Քաչքարի լեռներում ամպ լինեմ» գիրքը նախատեսված է Համշենի եւ համշենահայության հիմնահարցերով հետաքրքրված բոլոր ընթերցողների համար:




























