Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը հարկ եղած հաստատակամությունը չի ցուցաբերում եւ շատ մեղմ դիվանագիտական լեզու է կիրառում: Արտաքին աշխարհի համար կանոն է հակամարտության կողմերին չնեղացնելն ու բոլորի հետ միատեսակ աշխատելը: Այս մասին Meduza-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Նախարարի խոսքով, Ադրբեջանի ղեկավարությունը սա ընկալում է որպես քարտ-բլանշ՝ իր քաղաքականությունը շարունակելու համար. «Ահա Ալիեւը գալիս է Վաշինգտոն եւ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, հայտարարում է խաղաղությանն իր հավատարմության մասին, բայց միաժամանակ ռազմական գործողություններ սկսելու թույլտվություն է տալիս: Իսկ նրան գովաբանում են խաղաղությանը հավատարմության համար»:
Հարցին, դիվանագիտական ի՞նչ լուծում կա, Միրզոյանը պատասխանել է, որ Ղարաբաղը պատկանում է Ղարաբաղի հայերին, որը 1991 թվականին ինքնորոշվել է:
«Ի դեպ, այս տարի մենք մեծ հանդիսավորությամբ նշելու ենք հանրապետության 25-ամյակը: Ղարաբաղի ճակատագիրը նրա ժողովրդի ձեռքում է, որն անկախ պետության ուղին ընտրեց, եւ մենք չենք պատրաստվում շեղվել այդ ուղուց: Կարծում եմ՝ Ադրբեջանը կհամակերպվի, եթե միջազգային հանրության կողմից հստակ եւ ճիշտ դիրքորոշում լինի այն մասին, որ անհնար է վերադառնալ անցյալ, եւս այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: Դա մեզ դիվանագիտական աշխատանքի լայն դաշտ կընձեռի, որպեսզի մենք, որպես Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանում առաջացած երկու անկախ պետություններ, միմյանց հարեւանությամբ ապրելու պարզ մեխանիզմ մշակենք: Մենք պատրաստ ենք դրան»,- հայտարարել է ԱԳ նախարարը:



























