Ղարաբաղյան հակամարտության գոտում այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 12-ից հարաբերական հանգիստ է հաստատվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը»,-իր հերթին նշել է «Արցախպրեսը»:

Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ագրեսիան սկսվել է ապրիլի 2-ի գիշերը: Ադրբեջանի  զինված ուժերը այդ ընթացքում կիրառել են ծանր սպառազինություն, այդ թվում «Գրադ» կայանքներ, «ՏՈՍ-1» (Սոլնցեպյոկ), «Սմերչ»:

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժել են քաղաքացիական անձինք, այդ թվում երեխա: Թալիշ գյուղ ներխուժած ադրբեջանցի զինծառայողները սպանել են երեք խաղաղ բնակչի: