Երեւանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում հնարավոր չի եղել վերանորոգման եւ փոսալցման աշխատանքներ իրականացնել ձյան եւ մերկասառույցի պայմաններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ նախարարի հանձնարարությամբ նախարարության պաշտոնատար անձինք եւ ճանապարհաշինարարները տեղում արտակարգ ռեժիմով իրականացնում են հնարավոր բոլոր աշխատանքները՝ խցանումներ թույլ չտալու եւ երթեւեկության ավտանգությունն ապահովելու համար։
Նախարարությունն արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում փոսալցման աշխատանքներն անմիջապես սկսելու համար։
Տեղեկացնենք նաեւ, որ Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհը, որի մի մասն է կազմում Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ընդգրկված է ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության ապահովման 2016թ. ծրագրում։



























