Հայաստանի ձեռնարկությունների հարկերը դուրս գրելն ապացուցել է իր արդյունավետությունը: Այդ մասին ապրիլի 5-ին Հայաստանի խորհրդարանում ««Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ սոցիալական վճարների արտոնություններ հատկացնելու մասին»» օրենքի նախագծի քննարկմանը հայտնել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Եթե մենք ընկերությանը չտրամադրենք այդ արտոնությունները, գործարանն ուղղակի կսնանկանա: Նրա ունեցվածքային համալիրը կվաճառվի: Միեւնույն է` գործարանը չի կարողանա վճարել այն տույժերը, որ դրված են իր վրա: Ոչ պետությունը կշահի, ոչ մարդիկ, որոնք կկորցնեն աշխատանքը: Իսկ գործարանի ներկայացրած ծրագրի համաձայն, նախատեսված է պահպանել եւ ընդլայնել արտադրությունը, նոր աշխատատեղեր ստեղծել: Այդ պատճառով նպատակահարմար է ընդառաջել գործարանին»,- նշել է Մինասյանը:
Օրենքի նախագծի համաձայն, առաջարկվում է ընդհանուր 935 մլն դրամ պարտքից դուրս գրել 510,1 մլն դրամ տույժը (մոտավորապես 1 մլն 50 հազար դոլար): Պարտքի մայր գումարը դուրս չի գրվում:



























