Հայաստանում այսօր 169 տեսակի լիցենզիա կա, ինչը Համաշխարհային բանկի doing business վարկանիշում Հայաստանի ցածր տեղ գրավելու հիմնական պատճառներից է։ ՀԲ պահանջով՝ կառավարությունը որոշել է կրճատել լիցենզիաների քանակը մինչեւ 96-ի, այդ նպատակով օրենսդրական փոփոխությունների փաթեթն այսօր` սեպտեմբերի 24-ին ուղարկվեց Ազգային Ժողով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ՝ լիցենզիաների մի մասը իրականում ստուգման գործառույթ էին ապահովում պետական մարմինների համար։ Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից կրճատվելու են անասնաբուժությունը, շարժական կապի ծառայությունը, մաքսային միջնորդական գործունեությունը եւ այլն։ Սակայն որոշ դեպքերում կառավարությունը ոչ թե կրճատել, այլ պարզապես խմբավորել է լիցենզիայի տեսակները։ Օրինակ՝ նախկինում ազատ տնտեսական գոտիների շահագործումը եւ պահպանումը հանդիսանում էին 2 տարբեր լիցենզիաներ, իսկ նոր փոփոխություններով՝ դարձել են միասնական, ուստի խոսել էական կրճատումների մասին դեռեւս վաղ է։
Կառավարության մեկ այլ որոշմամբ` հնարավոր կլինի լիցենզիաները ստանալ էլեկտրոնային եղանակով, ինչը կհեշտացնի մարզերի գործարարների գործունեությունը։




























