«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ, ժամը 18.30-ին Ազգային ժողով էին ժամանել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ մասնակցելու իրավիճակին նվիրված փակ լսումներին։ Պաշտպանության փոխնախարարին լսումներից առաջ մի քանի հարց ուղղեցինք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պարզվեց, որ զինադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախազահող բոլոր երկրների միջնորդությամբ, ինչպես նաեւ՝ նախաձեռնվել են բանակցություններ։

Պարոն Տոնոյան, այս ինչ զինադադար է, որքան կտեւի, ինչի հետ էր կապված։ Ճի՞շտ է, որ Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարների հանդիպման հետ Է կապված։

Ես մեկնաբանություններ չտամ զինադադարի պատճառների վերաբերյալ, որովհետեւ պատճառները լրիվ այլ են. կա նախաձեռնություն եւ այդ նախաձեռնության շրջանակներում հիմա բանակցություններ են ընթանում, եւ ես այժմ իրավասու չեմ խոսելու դրա մասին։

Վերականգնվե՞լ են այն դիրքերը, որ եղել են մինչեւ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Աղբյուրներ կան, որ Ջաբրայիլի, Մատաղիսի եւ Մարտակերտի ուղղություններով դիրքերի կորուստ ունենք այս պահի դրությամբ եւ դրա փոխարեն այլ համարժեք դիրքերի գրավում։

Ես այսպես ձեւակերպեմ, կա հակառակորդի կողմից որոշակի առաջխաղացում, բայց դիրքերի գրավում, այդպիսի հասկացություն ես չէի օգտագործի։

Մինչեւ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա դիրքային իրադրությունը վերականգնված չէ փաստորեն։

Այս փուլում՝ մասամբ վերականգնված է։

Իսկ որքանո՞վ է հնարավոր կողմերի վերադարձը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների սեղանի շուրջ երկարաժամկետ կտրվածքով։

Ամեն ինչ կախված է միջնորդների աշխատանքի էֆեկտիվությունից եւ մեր զինված ուժերի գործողություններից։

Ճի՞շտ է արդյոք, որ միջնորդը ռուսական կողմն է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախազահող երկրների ներկայացուցիչները միջնորդության մեջ ընդգրկված են, ինչպես նաեւ Ռուսաստանը։

Պարոն Տոնոյան, քաղաքական գործիչները եւ հատկապես ժողովուրդը պնդում են, որ մենք ի վերջո պետք Է վերջ դնենք այս հարցին՝ հակառակորդին լուրջ տարածքային կորուստներ հասցնելով։ Մենք, նախ՛ ի վիճակի ենք դա անել այս պահին, եւ կգնա՞նք նման քայլի, թե՞ ոչ։

Իհարկե, ի վիճակի ենք. իրադրությունից ելնելով որոշում կկայացվի։ Ամեն դեպքում մենք մեր պլաններն ունենք։

Այս օրերին բոլորին մի հարց Է տանջում՝ «Իսկանդերը» ե՞րբ ենք օգտագործելու։

Կարծում եք, այդ վիճա՞կն է։

Փոխնախարարը հակված չէր շատ խոսել եւ վերջին հարցին հարցով պատասխանելով հեռացավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում