Հայաստանում քրեորեն կպատժեն ֆինանսական բուրգերի կազմակերպիչներին: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել ապրիլին կառավարության նիստին: 

Ֆինանսական բուրգի ստեղծումը կամ դրան մասնակցությունը կպատժվի   500-800 հազար տուգանքի չափով կամ 2-3 ամսվա ազատազրկմամբ: Եթե խարդախության մեջ ներքաշվեն առանձնահատուկ մեծ չափերի գումարներ կամ ունեցվածք կամ էլ պաշտոնեական դիրքի չարաշահում տեղի ունենա, նախատեսված է 2-5 տարվա քրեական պատիժ:  

Կազմակերպված խմբի մասնակցությամբ նման հանցագործությունները պատժվում են 5-8 տարվա ազատազրկմամբ:

Որպես ֆինանսական բուրգ է բնորոշվում ունեցվածքի ներգրավմամբ այն գործունեությունը, երբ ներդրողը նյութական շահույթ է ստանում բացառապես նոր ներդրողների ներգրավման հաշվին:   

Խոշոր չափերի խարդախություն ասելով` հասկանում են  2-15 մլն դրամի յուրացումը, իսկ առանձնահատուկ խոշոր չափերի` ավելի քան 15 մլն (մոտ 31 հազար դոլար):

Ինչպես նիստին նշել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, վերջին   2-3 տարվա ընթացքում Հայաստանում նման մի քանի սխեմա է ի հայտ եկել, բայց բուրգի հստակ սահմանման բացակայությունը իրավապահներին թույլ չի տալիս պատասխանատվության կանչել կազմակերպիչներին եւ խարդախներին: