Վերաքննիչ քրեական դատարանն այսօր` ապրիլի 6-ին, խստացրեց 2014թ. մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Վլադիմիր Հայրապետյանին սպանելու մեջ մեղադրվող Սիմոն Մկրտչյանի պատիժը՝ 13 տարվա ազատազրկումը դարձնելով 15 տարվա:

Ամբաստանյալ Սիմոն Մկրտչյանը դատարանում հրաժարվեց պատասխանել դեպքին եւ իր ընտանիքին վերաբերող շատ հարցերի: Նա պնդեց, որ Վլադիմիրին դիտավորյալ չի սպանել, այլ պատահականություն է եղել, սակայն չկարողացավ հիմնավորել, թե ինչպես է պատահական «ուսից հանել իրեն ամրակցված ինքնաձիգը, լիցքավորել այն եւ պահել Վլադիմիրի ճակատին ու կրակել» :

 «Նորմալ անձնավորություն էր, մտերիմ էինք, 4 ամիս ենք իրար հետ ծառայել: Դեպքից հետո ոստիկանները երբ եկել են դիրք ու հարց են տվել, ասել եմ` ես եմ արել, դրանից առաջ էլ վախեցած եմ եղել, դրա համար էլ ասել եմ, որ չգիտեմ` ով է սպանել նրան: Ես նրան ժամը հարցնելու համար չեմ սպանել, որ մարդը մարդուն ժամ հարցնելու համար կսպանի»,- դատարանի հարցերին պատասխանելիս ասաց Սիմոն Մկրտչյանը` հրաժարվելով նշել, թե ինչն է եղել Վլադիմիրին սպանելու դրդապատճառը:

Նշենք, որ 2015թ. դեկտեմբերին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  որոշմամբ ծառայակցին սպանած Սիմոն Մկրտչյանը դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման: Տուժող կողմը բողոքարկել էր առաջին ատյանի կայացրած որոշումը:

Ըստ մեղադրական եզրակացության` Սիմոն Մկրտչյանը լինելով մարտական հերթապահության մեջ, շարքային պարտականությունները կատարելու ժամանակ, «ինքնահաստատվելու» եւ խուլիգանական դրդումներներից ելնելով եւ գիտակցելով զենքի ձգանը սեղմելու հետեւանքով արձակված կրակոցով շարքային Վլադիմիր Հայրապետյանին սպանելու անխուսափելիությունը, լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը եւ  շուրջ 1.5 մետր հեռավորությունից ուղղել Վլադիմիր Հայրապետյանի ճակատին: Նա, դրսեւորելով ցինիզմ, հայտարարել է ,թե արդյոք կասկածում է ,որ ինքը կկրակի,որին Վլադիմիր Հայրապետյանը պատասխանել է, որ նրանից ամեն ինչ սպասելի է: Սիմոնը Վլադիմիրի ճակատային շրջանում հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք է հասցրել եւ նրան զրկել կյանքից: