Մոսկվայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ ՀՀ վարչապետը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու հարցի առնչությամբ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանին:
Հարցին՝ արդյոք կա՞ որոշում, Երեւանից Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու մասին, Գոհար Պողոսյանը պատասխանել է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղազախստանի կառավարության ղեկավարը վարչապետ Աբրահամյանին առաջարկել է ապրիլի 8-ին Երեւանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա, ինչի առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ իր կարծիքով նիստի վայրը տեղափոխելու որեւէ լուրջ պատճառ չկա: Պարոն Աբրահամյանը նշել է նաեւ, որ եթե մյուս վարչապետների կողմից որոշում լինի նիստը անցկացնել Մոսկվայում, ապա իր մասնակցության մասին լրացուցիչ կհայտնի»:
Իսկ այն հարցին՝ ՀՀ վարչապետը մասնակցելո՞ւ է առաջիկա նիստին, թե՞ ոչ՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ այս պահի դրությամբ վարչապետը դեռեւս որոշում չի կայացրել:





























