Թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը հստակ գիտեն՝ ով է առաջինը սկսել կրակել, արբանյակային հետախուզության տվյալներ էլ ունեն։ Այդ մասին Ստեփանակերտում այսօր՝ ապրիլի 6-ին լրագրողներին ասել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, 1992-1993թթ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը 12 տարի պատրաստվում էր, ուժ էր հավաքում, եւ ընդամենը սա էր նրա ուժը։ «Փաստորեն իրենք մտածում էին, որ կարողանալու են հեշտությամբ առաջ գնալ։ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի էլ կարողանալու այդ հարցը լուծել ոչ հիմա, ոչ ապագայում»,- նշեց Վազգեն Մանուկյանը։
Նա նաեւ քննադատեց միջազգային կառույցներին՝ երկու կողմերի միջեւ սիմետրիա պահպանելու համար։ «Մի բանն է զարմանալի, միշտ սիմետրիա են անցկացնում, որ իրար վրա կրակում են։ Չէ, իրար վրա չեն կրակում, իրենք են հարձակվում։ Թե Արեւմուտքում, թե Ռուսաստանում դա հրաշալի գիտեն։ Հստակ գիտեն, թե ով է կրակում, որ կուտակում է տեղի ունեցել։ Եւ ԱՄՆ-ը, եւ ՌԴ-ունեն արբանյակային հետախուզության տվյալներ, թե ով է առաջինը սկսել»,- նշեց նա։
Ըստ Մանուկյանի, հարցի կարգավորման համար մի քանի պայման կա.
Ա. Պետք ա վերադառնան բոլորն իրենց դիրքերին, շարունակեն բանակցությունները։
Բ. Մինսկի խումբը միշտ պետք է մոնիտորինգ անի, արբանյակային հետախուզությամբ եւս, եւ այսուհետ ձեւ չանի, թե չի հասկանում՝ ով է առաջինը կրակում։
Գ. Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, եւ բանակցությունները գնան ոչ թե տարածքների, այլ փախստականների հարցով։
Ըստ Վազգեն Մանուկյանի, հարձակումն այժմ իրականացնելու համար Ալիեւը մի քանի պատճառ ուներ։ «Ամենայն հավանականությամբ մեծ նշանակություն ունեին նավթի գների անկումը, Պանամայի թղթերի բացահայտումները։ Ալիեւը ուզեց շեղել եւ իրենց երիտասարդներին ղմեց պատերազմի»,- նկատել է Վազգեն Մանուկյանը։





























