Քարվաճառում ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը երկու հայ զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը:

«Քարվաճառի դեպքով կարող եմ ասել հետևյալը. կատարվում է ծառայողական քննություն: Վերջնական որակավորում տալ դեպքին կարելի է տալ միայն քննությունն ավարտելուց հետո: Չի բացառվում, որ միջանձնային հարաբերությունների խախտման հետեւանք է»,­- ասել է գնդապետը:

Առստամյանի խոսքով՝ առաջիկայում հստակ կհայտնեն, թե ինչ է տեղի ունեցել Քարվաճառում:

Հիշեցնենք, որ մահացած զինծառայողներն են 19-ամյա Սուրեն Արթուրի Արամյանը եւ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը: Երկուսն էլ Արտաշատից են: