Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դեմ է, որ շփման գծում այս օրերի պատերազմական դրությունն ու դրա շուրջ ընդդիմության ու իշխանության համախմբումը ազդեցություն ունենա Ընտրական օրենսգրքի քննարկումների վրա: Այս մասին նա ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Մենք չպետք է շփոթենք երկու հարց: Նախ եւ առաջ միշտ համարել եմ, որ երկրում ուժեղ ընդդիմությունը երկրի բարգավաճմանն է ուղղված: Այն, որ մի կողմ դրեցինք մեր հակասությունները ստեղծված իրավիճակում, շատ ճիշտ էր,  բայց դա ամենեւին չի նշանակում, որ մենք չպետք է քննարկենք եւ ունենանք տարբեր դիրքորոշումներ  բազում հարցերի շուրջ, որից երկիրը միայն շահում է»,-ասել է Դավիթ Հարությունյանը:

Նա շեշտել է, որ իրավիճակից ելնելով՝ Ընտրական օրենսգրքրի վերաբերյալ ընդդիմության ներկայացրած պահանջների հարցում իշխանության զիջումներին դեմ է:

«Ես ինքս դեմ կլինեի, որ դա իր ազդեցությունը ունենա Ընտրական օրենսգրքի գործընթացի վրա: Իսկ միասնականությունն ընդամենը ողջունելի է: Սա զիջումների հետ կապ չունի»,- ասել է նա: