Ադրբեջանական կողմը հատուկ վերասպառազինվել էր՝ Լեռնային Ղարաբաղը գրավելու համար: Այս մասին գրում է National Post-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ ադրբեջանցիների ու հայերի պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար սկսվել է 1992-1994 թվականներին: «Հիմա հակամարտություն է բորբոքվել Սիրիայից ու Իրաքից ոչ հեռու»,- նշում է հոդվածագիրը:
Այս անորոշ ու անլուծելի մարտերի երկրորդ փուլը, ըստ պարբերականի, սկսվեց անցած շաբաթ՝ Ադրբեջանի հարձակումով, որի նպատակն էր վերադարձնել կորցրած տարածքի մի մասը: Հետխորհրդային բազմաթիվ «սառեցված» հակամարտություններից մեկում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է հանգեցնել նոր պատերազմի:
«Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է հարձակվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Հայերը խոստացան վերդարձնել այն հողերը, որոնք զբաղեցրել են 22 տարի ու ժամանակավորապես կորցրել են: Հնարավոր է՝ հիշելով դաժան կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք տեղի են ունեցել տարիներ առաջ, երեքշաբթի կողմերը հայտարարեցին հրադադարի մասին:
Ինձ համար գաղտնիք է մնում, թե հայերն ինչպես կարողացան համոզիչ հաղթանակ տանել հետխորհրդային ժամանակաշրջանում: Ադրբեջանցիները թվով ավելի քան երեք անգամ գերազանցում էին նրանց: Ադրբեջանցիները նաեւ շատ նավթ ունեին: Դեպի ծով ելք չունենալով՝ հայերը վատ վիճակում էին: Տասնամյակներ շարունակ էներգակիրների բարձր գների ու Մոսկվայի հետ հարստությունը կիսելու անհրաժեշտության վերացման պայմաններում, ադրբեջանցիները վերասպառազինվել էին՝ հատուկ Լեռնային Ղարաբաղը հետ վերցնելու համար»,- նշում է պարբերականը:
Թուրքիան, շարունակում է հոդվածագիրը, որը տասնամյակներ շարունակ այս տարածաշրջանում շահեր ուներ, ամուր կանգնած է թուրքալեզու Ադրբեջանի կողքին: «Մոսկվան երկու կողմին էլ զենք է վաճառել: Իրանն ու Վրաստանը նույնպես հետաքրքրված են այս իրավիճակով՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով»,- նշում է հոդվածագիրը:
Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ Բաքվում ապրող մի քանի հարյուր հազար հայեր 1990-ականներին ստիպված են եղել լքել իրենց տները:
«Հաշվի առնելով Սիրիայի հարցում Մոսկվայի ու Անկարայի տարաձայնությունները, թուրքերի ու քրդերի դիմակայությունը հյուսիսային Սիրիայում ու հարավային Թուրքիայում, նաեւ այն, որ «Իսլամական պետությունն» Իրաքում ու Սիրիայում կռվում է գրեթե բոլորի դեմ, Լեռնային Ղարաբաղը 21-րդ դարի եւս մեկ գերազանց խառնաշփոթ է, որի հետեւանքները կարող են դրա փխրուն սահմաններից շատ հեռու տարածվել»,- եզրակացնում է հեղինակը:





























