ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ակնկալում է Թուրքիայից, ինչպես Դաշինքի անդամ ցանկացած այլ երկրից, հարգել մարդու իրավունքները, անձի ազատություններն ու հավատարիմ լինել ժողովրդավարությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՆԱՏՕ-ն հիմնված է մի քանի առանցքային արժեքների վրա՝ մարդու իրավունքների հարգում, անձի ազատություն եւ ժողովրդավարություն: Ես ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները հավատարիմ կլինեն այդ արժեքներին»,-ասել է նա Foreign Affairs ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Անկարայի նկատմամբ քննադատությունները չեն բարդացրել ՆԱՏՕ-ի առաքելությունը որպես «կամուրջ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ», միգրացիոն ճգնաժամի եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:

Ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ Թուրքիան ԵՄ-ի հետ միգրացիայի համաձայնագիր կնքելուց հետո կրակ է բացում սիրիացի փախստականների վրա եւ հետ արտաքսում նրանց հայրենիք, այդկերպ խախտելով միջազգային իրավունքի նորմերը: Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը:

Բացի այդ, վերջին ժամանակներս եւս մի քանի միջադեպեր են եղել, որից հետո Անկարայի հասցեին մեղադրանքներ են հնչել, որ նա չի հարգում խոսքի ազատությունը եւ չի հետեւում ժողովրդավարության սկզբունքներին: Մասնավորապես, Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելուց հետո, որը կապված էր գերմանական NDR հեռուստաալիքով հեռարձակված երգիծական երգի հետ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաին: Շուլցը Էրդողանին դատապարտել է նաեւ արեւմտյան դիվանագետների, դատարան եկած ընդդիմադիր լրագրողների դեմ հարձակումների եւ քրդերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ձգտման բացակայության համար: