Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ապրիլի 1-ին, հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա Արայիկ Գ.-ն եւ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած թափանցող վերք, հեմոպնեմոթորաքս» ախտորոշմամբ` 29-ամյա Գեւորգ Ե.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող, չգործող բուքմեյքերական գրասենյակի դիմաց անծանոթ անձինք անհիմն վիճաբանել են Արայիկ Գ.-ի եւ Գեւորգ Ե.-ի հետ, որի ընթացքում նրանցից մեկը ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել նրանց` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել էր պարզել, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակի դիմաց Արայիկ Գ.-ի եւ Գեւորգ Ե.-ի հետ վիճաբանել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել նախկինում 3 անգամ դատապարտված 32-ամյա Վիլսոն Մ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 7-ին, ժամը 11.30-ին, ինքնակամ բաժին են ներկայացել Վիլսոն Մ.-ն եւ 30-ամյա Ներսես Գ.-ն եւ հայտնել, որ ապրիլի 1-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Վիլսոն Մ.-ի կողմից շահագործվող «ՎԱԶ 21140» մակնիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ վթարվելու կապակցությամբ Չարենցի փողոցի բուքմեյքերային գրասենյակի դիմաց Վիլսոն Մ.-ն վիճաբանել է Արայիկ Գ.-ի եւ Գեւորգ Ե.-ի հետ, որի ընթացքում Ներսես Գ.-ն բանալիների վրա կախված սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արայիկ Գ.-ին եւ Գեւորգ Ե.-ին` պատճառելով վնասվածքներ:
Ներսես Գ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:





























