Գյումրիում ընթացող դատավարության ընթացքում  շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործով իրեղեն ապացույցների ներկայացումը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ ապրիլի 8-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայում ընթացող դատական նիստում ներկայացվեց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի զինվորական համազգեստը, այնուհետև արդեն Ավետիսյանների տնից վերցված հագուստներն ու ընտանիքի հագուստները:

Նշենք, որ բոլոր հագուստները դեպքից հետո ուղարկվել էին փորձաքննության: Ամբաստանյալի զինվորական համազգեստի հետ ներկայացվեց նաեւ ոսպնյակ, որը, սակայն, նրա պնդմամբ, իրեն չի պատկանում:

Նիստի ընթացում ներկայացվեց նաեւ դեպքի վայրից առգրավված 28 կրակված պարկուճ եւ 16 գնդակ, ինչպես նաեւ Պերմյակովի զենքն ու սվին դանակը: Դատարանը ներկայացրեց նաեւ Ավետիսյանների ընտանիքին պատկանող բջջային հեռախոսները, որոնք Պերմյակովը դեպքի օրը գաղոցել էր:Այժմ դատարանը հրապարակելու է փորձարարության տեսաերիզները:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ: