Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 8-ին, զինծառայողների տեղափոխող ՊՆ-ի «Ուրալի» ձորը գլորվելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել:
ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 11-ի սահմաններում, Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շուրջ 200 մետր գլորվել ձորը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լեւիկի Մաթեւոսյանը տեղում մահացել է, 6-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։





























