ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 8-ին Երեւանում 21-ամյա երիտասարդի դանակահարության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2016թ. ապրիլի 08-ին` ժամը 14:10-ին, Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդն առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է:
Քննությամբ պարզվել է, որ Ա.Աբրահամյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը պատճառվել է 2016 թվականի ապրիլի 8-ին` ԵՊՀ-ին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության մասնակիցների վերաբերյալ: Ապրիլի 9-ի վաղ առավոտյան ինքնակամ ներկայացել է Գեղարքունիքի մարզի 24-ամյա բնակիչ Գ.Սարգսյանը եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ: Վերջինս ձերբակալվել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:





























