Վայոց Ձորի Խաչիկ գյուղում մարտի 21-ին գայլի կողմից հարձակման ենթարկված 75-ամյա Ռոզա Հարությունյանին ապրիլի 15-ին նորից կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա դուստրը` տիկին Սոֆիկը` նշելով, որ կատարվելու է պլաստիկ վիրահատություն, վերականգնելու են կնոջ քիթը:
«Ընդհունր լավ է զգում իրեն, հինշաբթի կվիրահատվի, տեսնենք` ինչ կլինի: Իր ինքնազգացողությունը համեմատաբար լավացել է, տեսանելի է, որ դրական տեղաշարժ կա նրա վիճակում»,-ասաց նա:
Նշենք, որ Ռոզա Հարությունյանը գտնվում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ռոզա Հարությունյանն արդեն մեկ անգամ վիրահատվել է, որը տեւել էր 4 ժամ, վիրահատարանում միաժամանակ աշխատել էին վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ եւ դիմածնոտային: Հատուկ իմպլանտի միջոցով բժիշկներին հաջողվել է վերականգնել կոտրված աջ այտոսկրը: Աջ կողմի այտի եւ քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:
Կինը գայլի հարձակման էր ենթարկվել անասնագոմի մոտ: Նա ձեռքերի ու դեմքի վնասվածք ունի, դեմքի մի մասը, կարելի է ասել՝ չկա:





























