Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործում որպես մեղադրյալ կալանավորված, ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակված  Արթուր Գեւորգյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է, ըստ որի նրա առողջությանը թեթեւ մարմնական վնասվածք է հասցվել: Արթուր Գեւոգյանի պաշտպան Համլետ Դավթյանի խոսքով, Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի անօրինական գործողությունների արդյունքում է Արթուր Գեւորգյանը ստացել այդ մարմնական վնասվածքը:

«Ըստ փորձաքննության եզրակացության` Արթուրը լեզվի վնասվածք է ստացել, նրա առողջությանը թեթեւ մարմնական վասվածք է հասցվել, պարզ է, թե այդ վնասվածքը ոնց է ստացվել` անօրինական գործողությունների արդյունքում: Ազիզյանի անօրինական գործողությունների արդյունքում ա, որ իմ պաշտպանյալը մարմնական վնասվածք է ստացել, հիմա թե քննությունով ինչ կպարզվի` կտեսնենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: 

Նշենք, որ Արթուր Գեւորգյանը դեպքից  հետո կալանավորվել էր, սակայն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: