Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում վթարից տուժած Այվազյանների ընտանիքի հայրը՝ Արթուր Այվազյանը, որը մարտի 23-ին դատարանի դահլիճից տեղափոխվել էր կալանավայր, ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ընտանիքի աջակիցներից Սմբատ սարկավագ Խանվելյանը։

«14-օրյա կալանքի ժամկետը լրացել է, նրան ազատ են արձակել»,-ասաց նա:

Սարկավագի խոսքով՝ Արթուր Այվազյանը վարչական կալանքի էր ենթարկվել վթարի գործով դատական նիստին դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ։ Մինչդեռ, նա վստահեցնում է, որ Արթուր Այվազյանը դատավորին չի հայհոյել, ընտանիքը դատական նիստի ձայնագրությունն ունի:

Ըստ Սմբատ Խանվելյանի՝ Այվազյանները պնդում են, որ դատավորը «կաշառված» է, նրանց խոսքով, վթարի մեղավոր ռուսների կողմից, եւ նման որոշում է կայացրել հօգուտ վերջիններին դատական ակտ կայացնելու նպատակով։

Սարկավագը տեղեկացրեց, որ Այվազյանները հաշտվել են վթարի գործով որպես պատասխանող կողմ ներգրաված ռուս վարորդի հետ:

«Ստիպված են եղել հաշտվել, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնեն: Մարդիկ առանց այդ էլ կարիքի մեջ են»,-ասաց Սմբատ սարկավագ Խանվելյանը:

Նշենք, որ վթարից Այվազյանները մեծապես տուժել են։ Դեպքից հետո Այվազյանները ծանր կացության մեջ են հայտնվել` զրկվելով ոչ միայն աշխատանքի համար խիստ անհրաժեշտ մեքենայից, այլեւ աշխատելու ունակությունից: Ընտանիքի հայրը՝ 52-ամյա Արթուր Այվազյանը, 50-ամյա Արմենուհի Այվազյանը, նրանց 28-ամյա որդին՝ Հմայակ Այվազյանը  եւ դուստրը՝ 25-ամյա Լաուրա Այվազյանը, մարմնական ծանր վնասվածքներ են ստացել: Այվազյանները պնդում են, որ վթարի մեղավորը ռուս վարորդն է։

Ընտանիքը դիմել է Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, որից, սակայն, որեւէ արձագանք չեն ստացել: Նրանք երկար ժամանակ գործազուրկ են, եւ շատ հաճախ նրանց ուտելիք են տանում հարեւանները։