Երեւանի Թումանյան 25 հասցեի բնակիչները, որոնք քաղաքապետարանի եւ «Ռենշին» ՍՊԸ-ի համաձայնության արդյունքում կարող են կորցնել իրենց բնակարանները, միջնորդել են գործով հաջորդ դատական նիստին որպես վկա ներգրավել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց բնակիչներից Դավիթ Եղիազարյանը՝ հավելելով, որ գործը փաստահավաք փուլում է:
«Դատավորին հետաքրքիր էր՝ ինչու ենք դիմել դատարան, արդյոք իրավաբանը դատարանում հայցը քննելու հիմք է տեսնում, մեր իրավաբանն էլ հիմնավորեց եւ միջնորդեց որպես վկա ներկայացնել Նարեկ Սարգսյանին: Նա առանց Կառավարության որոշման գտել է, որ շենքը ենթակա է գերակա շահ ճանաչվելու: Մեր իրավաբանը այս որոշման մեջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, կարծում է, որ Նարեկ Սարգսյանը ուրիշի բիզնես շահն է պաշտպանում, կամ որ «Ռենշինի» շենքերից մեկի ճարտարապետն է»,-նշեց Թումանյան 25-ի բնակիչը՝ կարծիք հայտնելով, որ միջնորդությունը չի բավարարվի:
Բնակիչները վստահ են՝ Կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Քաղաքաշինության նախարարությունը բնակչների «մեջքի հետեւում են գործել», որի արդյունքում յոթ ընտանիքի ծանուցում է եկել, թե քաղաքապետարանը լիազորել է «Ռենշին» ՍՊԸ-ին Թումանյան 25 հասցեում հյուրանոց կառուցել:
Դավիթ Եղիազարյանը նշեց, որ հենց այս որոշումը անվավեր ճանաչելու նպատակով են հայց ներկայացրել:
Դատական նիստին, սակայն, որպես պատասխանող կողմ ներգրավված քաղաքապետարանի եւ «Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ ներկա չեն եղել:Դատարանը միջնորդությանը կանդրադառնա հաջորդ դատական նիստին, որի օրը դեռեւս հայտնի չէ:
Նշենք, որ Թումանյան 25-ի բնակիչներին փոխհատուցում է առաջարկվել, նրանք, սակայն, վճռական են տրամադրված՝ իրենց բնակարանները չեն լքելու, շենքն էլ չի քանդվելու:



























