Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, իսպանական կողմից` արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեն:

Հայ եւ իսպանացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարեւորվեց հայ-իսպանական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված քայլեր: Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Նույն օրը իսպանական պատվիրակությունն աշխատանքային ճաշ ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Իր այցի շրջանակներում իսպանական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաեւ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Իսպանացի պատվիրակներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: