Գազայի բնակիչներն օրական մինչեւ 20 ժամ հոսանք չեն ունենում, քանի որ անկլավի միակ էլեկտրակայանի աշխատանքը դադարեցվել է պաղեստինյան իշխանությունների տարաձայնությունների հետեւանքով հերթական անգամ առանց վառելիքի մնալու պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Էլեկտրակայանի աշխատանքի դադարեցումը տեղի էներգետիկները բացատրել են նրանով, որ Գազայում իշխող իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է վճարել նոր հարկը, որը ներդրել է Պաղեստինյան ազգային աշխատակազմը մազութի համար:

«Էլեկտրակայանը ամբողջովին կանգնել է, քանի որ Ռամալահում Ֆինանսների նախարարությունը վառելիքի հարկ է ներդրել»,- ասել է Գազայում էներգետիկ աշխատակազմի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ահմադ Աբու Ամրենը:

Կայանի աշխատանքը դադարեցվել է անցած շաբաթ, սակայն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մի մասը Գազան շարունակում է ստանալ Իսրայելից ու Եգիպտոսից:

«Ընկերություններն ի վիճակի են էլեկտրաէներգիա մատակարարել օրական չորս ժամ»,- հայտնել է տեղական էներգաընկերության ներկայացուցիչ Մուհամեդ Տաբետը:

Ընդդիմադիր իսլամիստների իշխանության գալուց հետո հայտնվելով տնտեսական կոշտ պատժամիջոցների թիրախում՝ Գազայի հատվածը հիմա վառելիք գնել կարող է միջազգայնորեն ճանաչված կառավարության միջոցով, որը աշխատում է Ռամալահ քաղաքում՝ Հորդանան գետի Արեւմտյան ափին:

Էներգետիկներն ասում են, որ նոր հարկը կազմում է վառելիքի գնի 40 տոկոսից ավելին ու էլ ավելի է քչացնում էլեկտրականության շահավետությունը, որի արտադրման վրա Գազայում եռակի շատ գումար է ծախսում, քան դրա վաճառքից են ստացվում: